ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը:
«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը` որը կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով)», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը կատարվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով):
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:-0-