Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
09.06.2018,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Հայաստանի ԱԺ–ն արտահերթ նիստում հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը, որի ընդունմանը կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ` 39:
- Նախորդ շաբաթ բավականին ակտիվ սեյսմիկ վիճակ էր գրանցվել Հայաստանում։ Հունիսի 6–ին երկրաշարժ գրանցվեց Սպիտակում, որին հաջորդեց 9 հետցնցում։ Այնուհետև հունիսի 7–ի երեկոյան կրկին Սպիտակում գրանցվեց երկրաշարժ 3 բալ ուժգնությամբ։
- Նախորդ շաբաթ Արցախում հրաժարականներ տվեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեցին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը։
- Հրաժարական տվեցին նաև ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
- ԱԺ պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից, ինչի արդյունքում ՀՀԿ–ն զրկվեց ԱԺ մեծամասնությունից։–0–