Սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ չեն եղել. մեղադրյալն արդարացվեց, տուժողը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեքսուալ բնույթի համասեռական գործողություններից մինչև շորթման մեջ մեղադրվող Սևանի տարածաշրջանի բնակիչն արդարացվել է:
Pastinfo–ի հաղորդմամբ, նախաքննական մարմինը հանցագործության դեպքի բացակայության հիմքով Մնացականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել:
Մնացականի պաշտպանը` հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 140-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ, sեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 182-րդ հոդվածի 1-ին մասով (շորթում):
Ըստ պաշտպանի՝ գործով տուժողը և մեղադրվող անձը համագյուղացիներ են եղել:
Վերջինս իրենց գյուղում ընկերություն է արել մի աղջկա հետ, սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ տուժողն այդ աղջկան «Odnoklassniki.ru» սոցիալական ցանով գրել է ու անհանգստացրել, աղջիկն էլ դիմել է Մնացականին` խնդրելով, որ իր համագյուղացի տղային ասի, որ այլևս իրեն չանհանգստացնի: Մի քանի անգամ այս թեմայով երիտասարդները զրուցել են ու Մնացականը խնդրել է Զավենին այդ աղջկան չգրի ու չանհանգստացնի:
Տուժողը, ով գտնվել է ժամկետային զինծառայության մեջ, պաշտպանի խոսքով, զորամասում զինակիցների գրպաններից գողություն է կատարել, այդ ամենը բացահայտվելուց հետո հայտարարել է, թե Մնացականն իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, և իրեն ասել է, որ հեռախոսում ունի այդ մասին փաստող լուսանկարները և այդ լուսանկարները չհրապարակելու համար իրենից գումար է պահանջել, ինքն էլ դիմել է այդ քայլին որպեսզի գումարը տա Մնացականին:
Մնացականին նկատմամբ հարուցված քրեական գործից հետո առաջին ատյանի դատարանը մերժել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն 40 օր անց վերաքննիչ դատարանը Մնացականի խափանման միջոցը փոփոխել է ու կալանավորել: Մերժվել է նաև պաշտպանի կողմից ներկայացված գրավի միջնորդությունը:
Այսպիսով, Մնացականը երկու ամիս 15 օր գտնվել է կալանքի տակ:
Արմեն Սարգսյանը նաև հայտնել է, որ տուժողն ով մեկը մյուսից տարբեր ցուցմունքներ է տվել նախաքննության ընթացքում, հայտարարել է նաև, որ սեռական հարաբերություն չի եղել իր և Մնացականի միջև, ինքը ստել է, և որ շորթում ևս չի եղել:
Պաշտպանը նաև նշել է, որ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները եղել են իր պաշտպանյալին արդարացնող, ուստիև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:
Միաժամանակ գործով տուժողի կարգավիճակ ունեցող Զավեն Ոսկանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով (սուտ մատնություն)` նախատեսված հանցագործության փաստի առկայության հիմքով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:–0–