Ռուս զինծառայող Պերմյակովի գործը փոխանցվել է Հայաստանի դատախազությանը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը փոխանցվել է նախաքննական մարմիններին, ուրբաթ «Ինտերֆաքսին» տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։
Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ։
«Ընթացակարգի համաձայն` դատախազը հնգօրյա ժամկետում համապատասխան որոշում կընդունի քրեական գործը դատարան ուղարկելու մասին, եթե չլինի որևէ այլ միջնորդություն», – ասաց Մելքոնյանը։
Ուրբաթ իրավիճակին ծանոթ աղբյուրը «Ինտերֆաքսին» տեղեկացրել է, որ Պերմյակովը ծանոթացել է քրեական գործի նյութերի հետ, և մինչև նոյեմբերի վերջ գործը կարող է հայտնվել հայկական դատարանում։
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, սպանության պատճառների լրագուցիչ ստուգման միջնորդությունը մերժվել է նախաքննության մարմինների կողմից։
«Սպանության պատճառների լրացուցիչ քննության միջնորդությունը մերժվել է։ Նախաքննական մարմինը համարել է, որ քննության ընթացքում հավաստիորեն սահմանվել է, որ Պերմյակովը մտել է տուժածների տուն` ավազակային հարձակման նպատակով, և սպանությունը կապակցված է ավազակության հետ», – «Արմենպրեսին» ասել է տուժած կողմի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ժողովուրդ» թերթը գրել է, որ սպանվածների հարազատները պահանջել են քննությունից ստուգել այն վարկածը, թե, արդյոք, կարո՞ղ էր Պերմյակովի մասնակցությունը որևէ կրոնական կազմակերպությանը դրդել նրան նման քայլի, քանի որ ավելի վաղ տարբեր ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Պերմյակովի հայրն աղանդավոր է։
Ավետիսյանների ընտանիքի, այդ թվում երկու երեխաների սպանությունը, կատարվել է 2015 թ.–ի հունվարի 12–ին Գյումրիում։
Հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օգոստոսի 12–ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Լրացուցիչ պատիժ տուգանքի տեսքով չի կիրառվել։ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով զբաղվում են հայկական դատական ատյանները։ -0-