Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

21.06.2018, 11:40
Էական փոփոխություններ`երեխաների պատվաստումների քաղաքականության մեջ։
Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին:

Այս առումով գերատեսչությունը պարզաբանում է, որ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով: 

Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում և դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի ևւ 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ:

Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեև թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: 

«Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները 2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը ևս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, և փաստել է իր արդյունավետությունը: 

Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաև կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը, նշում է Առողջապահության նախարարությունը։

Այս համատեքստում ԱՆ–ն ներկայացնում է հնգավալենտի և վեցավալենտի տարբերությունները։ 

·    Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:

·     Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթև ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:

·     Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաև հոգեբանական ազդեցություն կունենա:

Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը և հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են և մշտապես գտնվում են ուշադրության առանցքում:–0–