Պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

24.06.2018, 12:30
Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի:
Պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դավիթ Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու ներդաշնակ աշխատանքը համակարգելու և բուժսպասարկման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Տավուշի մարզում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, քննարկել գործառույթների համադրման մեխանիզմները և բուժսպասարկման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներ: 

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Դավիթ Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:–0–