Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքել ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

13.12.2019, 10:53
Պաշտոնական Անկարան քննադատել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքել ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերություններին: Նման հայտարարությամբ նախօրեին հանդես է եկել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց 150-րդ բանաձևը, որը, մասնավորապես, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, վկայում ԱՄՆ կառավարության կողմից այս ոճրագործության ճանաչման և հիշատակման մասին, նպաստում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ կրթական ծրագրերին` մեր օրերում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար:

«ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների վարքը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին: Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի կողմից (Թուրքիայի դեմ) պատժամիջոցների փաթեթի ընդունումը և այսօր Սենատում հայոց բանաձևի (1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման մասին) ընդունումը սպառնում է մեր երկկողմ հարաբերությունների ապագային», - գրել է Ալթունն իր Twitter-յան էջում:

Նա նույնպես նշել է, որ «պատժամիջոցները և սպառնալիքները չեն խանգարի (Թուրքիային) պաշտպանել իր ազգային անվտանգության շահերը»:

Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես քննադատել է ԱՄՆ Սենատի կողմից այս բանաձևի ընդունումը, հաղորդվում է ՏԱՍՍ-ում:

«Ամերիկյան Սենատի բանաձևը ոչ ավելին է, քան քաղաքական ներկայացում: Այն իրենից իրավական ոչ մի պարտավորություններ չի ներկայացնում և չունի ոչ մի ուժ: Նրանք, ովքեր ցանկանում են պատմությունն օգտագործել քաղաքական նպատակներով, վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում նայել ճշմարտության աչքերին»,- գրել է Չավուշօղլուն իր Twitter-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Բանաձևի մասին

Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին:Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։ Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ: 

Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է արգելափակել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը։ Նոյեմբերի 14–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևը։ Նա իր քայլը բացատրել էր նրանով, որ օրենսդիրները չպետք է փորձեն կրկին գրել պատմությունը։ Հարցն արգելափակելու իրավունքից էր օգտվել նաև Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, որի կարծիքով Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը կարող է բարդացնել ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերություններում առկա այլ խնդիրների կարգավորման հարցը:

Ցեղասպանության մասին

1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–