Պարզվել են զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ծառայակցին

07.02.2017, 20:30
Ժամկետային զինծառայող Շ.Գալստյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգը ստացվել է 2017 թվականի հունվարի 25-ին:
Պարզվել են զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ծառայակցին
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, Շ.Գալստյանին վիրավորելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ժամկետային զինծառայող Շ.Գալստյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգը ստացվել է 2017 թվականի հունվարի 25-ին. զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա ՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի վայրի զննությամբ՝ զինծառայողի ոտքերի արանքում, խզակոթի մասով դեպի ներքև, իսկ փողաբերանով դեպի առաստաղն ուղղված վիճակում հայտնաբերվել է նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:

Հայկական զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շ.Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում):

Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, ինչպես նաև՝ մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:–0–