ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է իր կարծիքն այն մասին, թե ինչու է Երևանում տեղադրված հայ ակնառու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանն այդքան նման ռուս արքա Պետրոս Առաջինին:
Շաբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում կայացել է XX դարասկզբի հայկական ազգային–ազատագրական շարժման հայտնի գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողությունը, որին, անհավանական նմանության պատճառով, ժողովրդի մեջ արդեն անվանում են Պետրոս Առաջինի «նմանակ»։
Ինչպես երկուշաբթի խորհրդարանում նշեց նախարարը, նմանության վրա ազդել է այն փաստը, որ Նժդեհի արձանի հեղինակը (Գագիկ Ստեփանյան. խմբ.) սովորել է Սանկտ Պետերբուրգում, և դա, հավանաբար, ազդել է նրա ստեղծագործության վրա:
Սարգսյանը նշեց, որ Նժդեհի արձանի տեղադրման մրցույթն անցկացվում էր դեռ այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Ներկայացվել է ավելի քան 10 աշխատանք, որոնցից հանձնաժողովն ընտրել է հինգը, իսկ հինգից գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է տվյալ աշխատանքը:
«Այս աշխատանքը հաղթել է, որովհետև մյուս նախագծերում Նժդեհը կամ ձիու վրա էր կամ ձեռքում զենք կամ թուր ուներ: Սակայն աշխատանքի ընթացքում արձանի արտաքին տեսքը փոքր–ինչ ձևափոխվել է», - ասաց Սարգսյանը:
Նախարարը հայտարարեց, որ գրեթե բոլոր նոր արձանները սկզբից դժգոհություն են առաջացնում քաղաքացիների շրջանում: Այդպես էր Վիլյամ Սարոյանի, Մարշալ Բաղրամյանի արձանների դեպքում։ Մարշալ Բաղրամյանի արձանին կտրականապես դեմ էին վետերանները, ովքեր հայտարարում էին, որ մարշալին հարիր չէ լինել առանց գլխարկի:
Ինչ վերաբերում է Երևանում տեղադրված ևս մեկ նոր արձանին` նվիրված ԽՍՀՄ զրահատանկային զորքերի հրամանատար Համազասպ Բաբաջանյանին, նախարարը գտնում է, որ «դա քանդակագործության մեջ նոր խոսք ասելու փորձ է»:
«Ես կարծում եմ, որ այն ունի որոշակի թերություններ, բայց ողջունում եմ, որ նա նստած չէ ձիու վրա կամ ձեռքում զենք չունի», - ասաց Սարգսյանը:
Նախարարը համարձակ որոշում է համարում այն, որ Մարշալ Բաբաջանյանը պատկերված է նստած, սակայն տաօրինակ է, որ նա նստած է ոչ թե քարի, այլ աթոռի վրա:
«Սակայն քանդակագործներից չի պահանջվում ստեղծել գլուխգործոցներ, իսկ նրանց ծանր ֆինանսական դրությունը հաշվի առնելով` ակնհայտ է, որ նրանցից շատերը փորձում են մեկ ստեղծագործության մեջ կյանքի կոչել առավելագույնը, ինչին ընդունակ են, և դա միշտ չէ, որ հաջողվում է», - ասաց Սարգսյանը:
Անցած շաբաթ Երևանում տեղադրվել է երկու նոր արձան` նվիրված ԽՍՀՄ զրահատանկային զորքերի հրամանատար, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանին և XX դարասկզբի հայկական ազգային–ազատագրական շարժման հայտնի գործիչ Գարեգին Նժդեհին: Սակայն երկու ստեղծագործություններն էլ քննադատությանն արժանացան հասարակության կողմից: -0-