Նախագահը որոշել է դիմել ՍԴ ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրենքը` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրենքը` Սահմանադրության պահանջներին համապատասխանելու հարցը որոշելու համար, նշվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մարդիկ դուրս եկան փողոց։ Հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին, ինչպես նաև նշեց, որ հրաժարական կտա նախարարների ազատման որոշումները դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո։ Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի կեսին։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Այս մոտեցումն ընկած էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու առաջին փորձի հիմքում, երբ հաշվի առնելով տարբեր քննարկումների ընթացքում հնչեցված դիտարկումները և առաջարկները, նախագահ Սարգսյանը նախաձեռնեց թեկնածու առաջադրելու նպատակով խորհրդատվական գործընթաց: Նույն մոտեցումն է գործում նաև յուրաքանչյուր օրենք ստորագրելիս: Լինի դա նոր ընդունված օրենք, թե գործող օրենքում փոփոխություն, այն ստորագրելու համար նախագահը և իր աշխատակազմը համակարգային վերլուծում են՝ թե արդյոք առկա են առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ, որքանով է նոր օրենքը կամ օրենսդրական փոփոխությունը նպաստում կոնկրետ խնդրի լուծմանը, գնահատվել են արդյոք ազդեցության հավանական զարգացումները: Բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը և ծառայեն իրենց նպատակներին՝ միտված լինելով կոնկրետ խնդիրների կանոնակարգմանը:
«Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց: Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ», – նշվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրաիրավական խնդիրների մասին:
«Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

