Մեղադրանք է առաջադրվել ՏԸՀ քարտուղարին այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

23.02.2016, 21:01
Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական  օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Մեղադրանք է առաջադրվել ՏԸՀ քարտուղարին այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողներ Ռենա Ստեփանյանցի և Տիգրան Մելիքյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ անձինք։

Նախնական քննության համաձայն՝ նշված ընտրողների անունների դիմաց այլ անձանց անձնագրային տվյալներ է ներառել, ստորագրել և քվեարկել թիվ 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Հ. Հովհաննիսյանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական  օրենսգրքի 153-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։–0–