Մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ նյութ ձեռք բերելու, պահելու համար, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչ, 40-ամյա Ս.Սիմոնյանը ձեռք է բերել «Լորազեպամ» տեսակի խոշոր չափերով հոգեմետ նյութ՝ այն իրացնելու նպատակով», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Հոգեմետ նյութերը՝ թվով 96 հատ դեղահաբ, պահվել են Ս.Սիմոնյանի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի սրահում, որոնց համար, նախնական քննության տվյալներով, 40-ամյա տղամարդը ցանկացել է գնորդ գտնել և ընդհանուր վաճառել:
Օրենքով սահմանված կարգով իրականացված ավտոմեքենայի խուզարկությամբ` սրահի բեռնախցիկից հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 96 դեղահաբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով)։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։–0–