Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն այսօր

19.12.2016, 14:50
Այսօր կմեկնարկի Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրը։
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն այսօր
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքի Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

Այսօր կմեկնարկի նաև Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն Ազատության հրապարակում:

Զեկուցվել է, որ արդեն իսկ հանրությանն է ներկայացվել «Նոր տարի
ն Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը, տպագրվել է բրոշուր-ուղեցույց, որում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար:

«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի հանրության համար մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում:–0–