ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային, հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Գեղաթերթիկը ձևավորված է հայկական և պարսկական զարդանախշերով: 300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևան քաղաքում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սպահան քաղաքում գտնվող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:
Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալինասեր Սոբհանիպուրը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայում ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:–0–