Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոչ է անում վարչապետին՝ ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից

20.05.2019, 00:42
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հայտարարություն են տարածել:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոչ է անում վարչապետին՝ ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հայտարարություն են տարածել՝ հորդորելով ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։

«Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հայտարարությունում նշվում է նաև, որ գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ «Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները», - ասված է տարածած հաղորդագրությունում։

«Լուսավոր Հայաստանը» նաև կոչ է արել ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։

Կուսակցությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը`աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ։

Այսօր ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։ -0-