Խորհրդակցություն ՃՈ անձնակազմի հետ. ՀՀ ոստիկանապետը խիստ հրահանգ է տվել բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում (ՎԻԴԵՈ)

12.05.2018, 16:54
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։
Խորհրդակցություն  ՃՈ անձնակազմի հետ. ՀՀ ոստիկանապետը խիստ հրահանգ է տվել բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության պետը կարևորել է ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։

Կարևորվել է խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։

Նշվել է նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։

«Քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, նվազ վտանգավոր խախտումներ կատարած վարորդներին որոշ դեպքերում ներել», – նշել է ՀՀ ոստիկանապետը։

Վալերիյ Օսիպյանը խիստ հրահանգ է տվել բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային ոստիկանության գործառույթներին և երթևեկությանը վերաբերող այլ հարցեր ևս։–0–