ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։ Եզրափակչում Արթուրը մենամարտեց կուբացի ըմբիշ Լուգո Կաբրերայի հետ, որին հաղթեց 3։0 հաշվով: Մրցանակաբաշխության ժամանակ նրա մարզաշապիկին ապրիլյան պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարն էր։ Հաղթանակից հետո Ալեքսանյանը հայտարարել է, որ «ոսկին» նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին: Միաժամանակ, հունահռոմեական ոճի ըմբիշՄիհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։ Գոտեմարտից հետո նա հայտարարարել է, որ համեստություն չի ուզում անել, և այս ամենը աղբ է։ Վիվառո բուքմեյքերական ընկերությունն իր հերթին հայտարարություն տարածեց` նշելով, որ Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը փայլուն ներկայացրած ըմբիշ Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած։ Change.org կայքում հրապարակվեց խնդրագիր, որը ստորագրելով` օգտատերերն իրենց աջակցությունն են հայտնում Հարությունյանին։ Խնդրագիրն արդեն ստորագրել է մոտ 35.000 օգտատեր։ Հարությունյանն իր հերթին լրագրողներին հայտարարել է, որ նա չի համարում, որ պարտվել է։ «Ես չեմ պարտվել` կյանքում առաջին անգամ չեմ ամաչում դա ասել։ Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, այս Օլիմպիական խաղերը` նրանք պարզապես չեն թողնում կանգնեմ պատվո պատվանդանին։ Իմ առաջին տեղում, որին արժանացել եմ։ Եթե պարտվեմ, այո, կպարտվեմ, բայց երբ ես հաղթում եմ, նրանք պետք է հնարավորություն տան ինձ կանգնելու այդ տեղում։ Հիասթափված եմ և այլևս ոչինչ չեմ ուզում ասել»,– ասել է Հարությունյանը լրագրողներին։ Ծանրորդ Գոռ Մինասյանը Հայաստանին բերեց երրորդ արծաթե մեդալը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Արծաթե մեդալի է նաև արժանացել Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։
Օգոստոսի 15–ին Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով զինծառայողներ են տուժել։ Ավելի ուշ հայտնի դարձան վթարի հետևանքով տուժած բոլոր զինծառայողների անունները։ Մուրացանի զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, գնդապետ Գևորգ Ոսկանյանը հայտարարել է, որ զինվորներից երեքը ծանր կոտրվածքներ են ստացել:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ ՀՀ քաղաքացու կողմից հայ–ադրբեջանական սահմանը հատելու հարցով։ ԿԽՄԿ պատվիրակության մամուլի ծառայությունից ավելի ուշ հայտնել են, որ Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ քաղաքացուն, ով հատել է հայ–ադրբեջանական սահմանը։
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23–ին։
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանն առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում, հայտնել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են նաև գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը, ով ավելի վաղ հայտարարել է, որ կհանի իր թեկնածությունը, եթե Խանդոյանն առաջադրվի:–0–
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ