Ժամկետային զինծառայողի անհետացման իրական պատճառները

11.02.2016, 10:49
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր:
Ժամկետային զինծառայողի անհետացման իրական պատճառները

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր, գրում է «Ժողովուրդը»:

Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել և անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։

Զորամասն ինքնակամ լքած զինվորը հայտնաբերվել է>>

Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար Էլ ինքնակամ լքել է զորամասը և գնացել տուն։ Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թևը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ Է եղել զինվորին վիրահատել։

Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, և հերթական անգամ թևը դուրս ընկնելուց հետո նա, այլևս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել և գնացել է տուն, գրում է թերթը։–0–