ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներկայացրել է ուժերի դասավորվածությունը նոր խորհրդարանում։
Ինչպես ասաց Թովմասյանը «Նովոստի–Արմենիային», նոր խորհրդարանի կազմում կլինի 105 պատգամավոր։
«Խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա երրորդ հինգշաբթի ԿԸՀ–ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո», – ասաց Թովմասյանը։
Նա նշեց, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն ամենաուշը ապրիլի 9–ին։
«Եթե վերջնական արդյունքները հրապարակվեն ապրիլի 9–ին, ապա խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 27–ին», – ավելացրեց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ եթե ընտրությունների արդյունքները բողոքարկվեն Սահմանադրական դատարանում, ապա նիստը տեղի կունենա երրորդ հինգշաբթի ՍԴ–ի որոշման հրապարակումից հետո։
Թովմասյանի խոսքով, ՀՀԿ–ն նոր խորհրդարանում կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, «Ելք» դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ–ն` 7 մանդատ։
«Գործող կառավարությունը հրաժարական կտա նոր խորհրդարանի առաջին նիստի օրը։ Այնուհետև 10 օրվա ընթացքում նախագահը կնշանակի նոր վարչապետ, ինչից հետո 20 օրում կձևավորվի նոր կառավարություն», – ավելացրեց Թովմասյանը։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո, խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է քվեների 49.12 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը» (27,32%), «Ելք» դաշինքը (7,77%) և ՀՅ Դաշնակցությունը (6,57%)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում