Ի՞նչ պատիժներ են սահմանվել ընտրախախտումների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook–յան իր էջում անդրադարձել է ընտրախախտումների համար նախատեսված պատիժներին, մասնավորապես` ընտրակաշառքներին։
Նա մասնավորապես նշել է. տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է․
-Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,
- Ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում,
- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում,
- Ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում,
- Ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։
«Հայաստանում այսուհետ պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ», – գրել է Միրզոյանը։
Նշենք, որ 2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։
Ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքն իր ցուցակի առաջին համար է գրանցել հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգություն» կուսակցությունն` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՅԴ–ն` ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, «Օրինաց երկիր» կուսակցությունն` իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, «Լույս» դաշինքն` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։
ՀՀ ԱԺ–ն օրերս ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները, ինչի արդյունքում խստացվեցին պատիժներն ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ։–0–