Ի՞նչ կարգավիճակով է բերման ենթարկվել Սևանի քաղաքապետը

23.09.2016, 17:16
Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ի՞նչ կարգավիճակով է բերման ենթարկվել Սևանի քաղաքապետը
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Նկատի ունենելով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով (Յուրացնելը կամ վատնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Սևանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործիելով), և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, ծանուցագիր է ուղարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին և հրավիրվել որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, և քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։

«Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին. նա եկել է փաստաբանի հետ և պարտավորվել ավելի ուշ ներկայանալ քննչական գործողության», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–