Ի՞նչ է տեղի ունենում կենդանաբանական այգում. քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում։
«Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
«Ընդ որում, ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել Երևանի կենդանաբանական այգուց ստացվող վատ լուրերը։ Ամռան սկզբում խոսակցություններ տարածվեցին տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքերի և այգու ղեկավարության կողմից այդ տեղեկատվությունը թաքցնելու մասին, սակայն այգու տնօրինությունը հանգստացրեց հասարակությանը` հայտարարելով, որ տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքեր գրանցվել են 2018 թ.–ի հունվարին ուղտայծերի, եղջերուների, կխտարների, այծերի ազատավանդակում, և դրանից հետո իրավիճակը շտկվել է։
Ավելի ուշ` հուլիսի 20–ին, այգին տեղեկացրեց, որ սատկել է այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը։ Հոկտեմբերի սկզբին էլ տեղեկատվություն ստացվեց, որ ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է անդրկովկասյան գորշ արջի անկում, իսկ նոյեմբերի 13–ին այգու տնօրինությունը հայտնեց, որ սատկել է այգու զեբրը, որի օրգանիզմում հայտնաբերվել է մեծ քանակի մկնդեղ։ Հասարակության շրջանում աճում է մտահոգությունը կենդանիների անկման` հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ։–0–

