ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը թարմ տվյալներ է տրամադրում Երևան–Մոսկվա վթարված ավտոբուսի տուժածների վիճակի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 20–ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատարի։
Ըստ ճշտված տվյալների, զոհվել է ավտոբուսի ուղևորներից մեկը` 1978 թվականի ծնված Ա.Դ. Սուքիասյանը։ ՃՏՊ–ի զոհ է դարձել նաև բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին)։ Կան բազմաթիվ տուժածներ։
Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, վկայակոչելով ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցից ստացված տվյալները, մարտի 20-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրենց մոտ է գտնվում 8 քաղաքացի։ Նրանցից երեքը` Դավիթ Սարդարյան (1969 թ. ծնված), Տիգրան Բաբաջանյանը (1972 թ. ծնված) և Եղիշե Համբարձումյանը (1982 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
«Մյուս հինգը` Մելիք Հայրապետյանը (1988 թ. ծնված), Արկադի Թադևոսյանը (1974 թ. ծնված), Արմեն Մուրադյանը (1964 թ. ծնված), Վարյա Օհանյանը (1961 թ. ծնված) և Վազգեն Գևորգյանը (1972 թ. ծնված) գտնվում են վիրաբուժական բաժանմունքում», – հաղորդում է գերատեսչությունը։
ՀՀ ԱԻՆ–ն իր հերթին տեղեկացնում է, որ 42 ուղևորները, ովքեր գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ինտերֆաքսը», հղում անելով Վորոնեժի մարզի դատախազությանը, նախնական տվյալներով ՃՏՊ–ի պատճառը դարձել է այն, որ «Mercedes» մակնիշի ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարի, որը ուղևորվում էր Դոնի Ռոստով։–0–