ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել youtube.com կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146- րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
«Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ», - նշվում է գլխավոր դատախազության տարածված հաղորդագրությունում:
Նկատի ունենալով նշված քրեա բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:-0-