ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության հայտարարությունը, որ ՀՀ ԶՈՒ-ն իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Ղազախի ուղղությամբ:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 22:00-ի սահմաններում ադրբեջանցի սահմանապահները կանխել են հայկական դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստանի հետ սահմանին։
«Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, դա ադրբեջանական ապատեղեկատվություն է: Մեզ հայտնի չեն այն տարածման պատճառները», - ասաց Հովհաննիսյանը «Նովոստի-Արմենիա» թղթակցի հետ զրույցում:
Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվում է ամենօրյա ծառայություն, որը չի բացառում նաև փոխհրաձգություն:
«Սահմանի երկու կողմից կրակում են գրեթե ամեն օր: Հնարավոր է, իրենց կողմից եղել է մի քանի կրակոց, որոնց մասին մենք անգամ չենք հայտարարում, քանի որ դա մեզ համար ամենօրյա գործընթաց է», - ասաց Հովհաննիսյանը:-0-