Հայկական ԶԼՄ–ների մի շարք ղեկավարներ աջակցել են կալանավորված Մայրապետյանին. նրանք դիմել են Փաշինյանին

13.11.2018, 21:03
Հայկական ԶԼՄ–ների մի շարք ղեկավարներ աջակցել են կալանավորված Մայրապետյանին. նրանք դիմել են Նիկոլ Փաշինյանին։
Հայկական ԶԼՄ–ների մի շարք ղեկավարներ աջակցել են կալանավորված Մայրապետյանին. նրանք դիմել են Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական լրատվամիջոցների մի շարք ղեկավարներ և լրագրողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կալանավորված գործարար Սամվել Մայրապետյանի հարցով։

Մայրապետյանի ձերբակալվել է հոկտեմբերի 7–ին ՀՔԾ–ի կողմից, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքին օժանդակելու մեջ։ Հոկտեմբերի 10–ին Մայրապետյանը կալանավորվել է։ Մայրապետյանը H2 հայկական հեռուստաալիքի և Toyota Yerevan դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։

«Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին», – նշում է բաց նամակի հեղինակները։ 

Նրանց խոսքով, այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են:

«Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ և մտավորականներ ևս միջնորդել են ՀՀ Գլխավոր Դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով: Այս ջանքերը ևս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաև առողջական լուրջ խնդիր: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական և գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում:

Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ և բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն է: Հետևաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի և որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը», – նշում են նամակի հեղինակները։–0–