ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան հայաստանյան երկնքում տարօրինակ օբյեկտ է երևացել։

Շատերը կարծել են, թե դա ՉԹՕ է (չբացահայտված թռչող օբյեկտ)։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման օբյեկտ է նկատվել ոչ միայն Հայաստանում։ Այդպիսի օբյեկտի մասին են հայտնել նաև Սամարայի, Վոլգոգրադի, Աստրախանի, Պենզայի, Ստավրոպոլի, Դագեստանի, Թաթարստանի, Մորդովիայի, Տյումենի, Դոնի Ռոստովի բնակիչները։ «Երկնային հրաշքի» ականատեսն են եղել նաև Ղազախստանի և Հարավային Օսեթիայի բնակիչները։

Rg.ru–ի հաղորդմամբ, ՌԴ ՊՆ–ն Աստրախանի մարզում գտնվող հրաձգարանից «Տոպոլ–Մ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել։
«Հրթիռի արձակման նպատակն էր ստուգել բալիստիկ հրթիռների մարտական զինումը։ Մենք տեսանք, թե ինչպես է առջևի մասն ընթանում թռիչքի ժամանակ և արձագանքում հակահրթիռային պաշտպանությանը։ Հավաքված տեղեկությունը կօգտագործվի հակահրթիռային պաշտպանության արդյունավետ միջոցներ մշակելիս», – նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Եգորովը։–0–