ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նշելով, որ պատվիրակությունը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
«Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երևանյան նիստը նախորդների օրինակով կանցնի կառուցողական մթնոլորտում, և նիստի ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի արդիական հարցեր», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այդ համատեքստում բարձր գնահատել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ մաղթելով հանձնաժողովի 30-րդ նիստի մասնակիցներին արգասաբեր աշխատանք՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման», – հայտնում է մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար, ընդգծել, որ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների մակարդակներում ևս հարաբերությունների ամրապնդումը՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որ առկա է երկու երկրների նախագահների միջև:
Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը հակիրճ ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, որի 20-ամյակը լրանում է հաջորդ տարեսկզբին: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նա կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև ընդլայնվող համագործակցությունը և նշել, որ այն խորհրդարանականների կողմից ևս խթանելու նպատակով հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարածաշրջաններից մեկում: «Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը հավաստիացրել է, որ նման մոտեցումը կդառնա պարբերական», – նշվում է հաղորդագրությունում: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում