Հայ ռեստորատորները բողոքել են Փաշինյանին հարկային բարեփոխումներից, իսկ նա առաջարկել է «Հարստացեք և հարստացրեք» բանաձևը (ՖՈՏՈ)

13.01.2019, 11:00
Հայ ռեստորատորները բողոքել են Փաշինյանին հարկային բարեփոխումներից, իսկ նա առաջարկել է «Հարստացեք և հարստացրեք» բանաձևը:
Հայ ռեստորատորները բողոքել են Փաշինյանին հարկային բարեփոխումներից, իսկ նա առաջարկել է «Հարստացեք և հարստացրեք» բանաձևը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ քննարկումների նպատակն է լինելու հստակ հաշվարկների ու հիմնավորումների հիման վրա հասնել ոլորտի հարկային կարգավորումների փոխադարձ ընդունելի և փոխշահավետ լուծումների: 

 - рис.1

Հարկերն ու դրանց հետևանքները 

Ինչպեց նշեցին Հայաստանի ռեստորանների միությունից, շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին անհանգստացնող մի շարք արդիական խնդիրներ՝ ՀԴՄ-ների տրամադրմանը, հարկային վարչարարությանը և կարգավորումներին, շրջանառության հարկի բարձրացմանը և դրա հնարավոր հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու մտահոգությունները կապված հարկման նոր մոտեցման ու մեխանիզմների հետ: Նրանք նշել ռն, որ ռեստորանային ոլորտում հարկերի նման բարձրացումները անխուսափելիորեն կբերեն ծառայությունների թանկացմանը, ինչի արդյուքնում կնվազի Հայաստանի մրցունակությունը տուրիստական գրավչության տեսանկյունից ի համեմատ տարածաշրջանի այլ երկրների։

Բիզնեսի բանաձև` Փաշինյանից

Փաշինյանը հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. «մենք հանրությանը և մասնավորապես գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու և համագործակցելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում առաջին մասի վրա»:

Նա ավելացրել է, որ հաճախ հնչում են շեշտադրումներ, թե ինչու ճանապարհը լավը չէ, թոշակները բարձր չեն և այդպես շարունակ: Եվ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը լինի և ո՞ւմ միջոցով: «Դա կարող է լինել պետական բյուջեի մուտքերի աճի և մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման ու կոռուպցիայի բացառման միջոցով։ Մենք այս կոմպոնենտների վրա հավասարաբար պետք է աշխատենք և արդյոք մենք կարող ենք ելնել այն կանխավարկածից, որ այն հանրությանը տրվող պոզիտիվ ուղերձներն ընկալվում են հավասարաբար և հավասարապես բոլորի կողմից», – հայտարարել է Փաշինյանը։ 

«Մեր կանխավարկածն ի սկզբանե դա է եղել, բայց երբ անձամբ ես մտնում եմ որևէ խանութ որևէ բան գնելու և այնտեղ աշխատողը զլանում է ՀԴՄ կտրոն տրամադրել՝ մտածում եմ, որ գուցե ոչ թե ինձ, այլ երկրի վարչապետի պաշտոնակատարին տեսնելով մարդը շփոթվում է: Բայց երբ խնդրում եմ նրան ՀԴՄ կտրոն տրամադրել և երբ ՀԴՄ կտրոնի մեքենան միացնելու գործընթացը տևում է 10 րոպե, հասկանում եմ, որ խանութում աշխատողը նույնիսկ գաղափար չունի, թե ինչպես է այն աշխատում, հասկանում եմ, որ շատ դեպքերում, ցավոք, մեր հանրության մեջ կան շերտեր, ովքեր այդ ուղերձն ընկալել են, ինչպես նախկինում: Հիմա, երբ նրանք տարբեր տեղերում «նալոգներ» չեն տալիս՝ դա համարում են շատ լավ առիթ, որպեսզի նշածս երկրորդ մասը ջնջեն: Մտածում են՝ այն մյուսն մասն էլ կառավարությունն է ջնջում, կոռուպցիայի դեմ էլ հետևողականորեն պայքարում է, շատ լավ առիթ է, որ մոռանանք ՀԴՄ մեքենան և ընդհանրապես այն, թե ինչի մասին է խոսքը:

 - рис.2

Սա ես շատ նեգատիվ երևույթ եմ համարում: Ես դա համարում եմ նույնպիսի կոռուպցիա: Եթե այդ նույն մարդուն նշանակես նախարար կամ վարչապետ՝ ամբողջ երկիրը հինգ րոպեում կթալանի: Կոռումպացված պաշտոնյան ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտածում է ինչ անել, որպեսզի հարկ չվճարի:

Բայց կա ուրիշ հարցադրում. արդյոք այն հարկային համակարգը, որը գործում է՝ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հարստանան, այսինքն բիզնեսը զարգանա: Սա շեշտադրում է, որի քննարկումը մեր թիվ մեկ խնդիրն է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ բացառված է, որ մենք անարձագանք թողնենք որևէ արդարացի հարցադրում և շեշտադրում այս տրամաբանության մեջ: Եթե մենք տեսնենք, որ գործում է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի շատ աշխատեն, ավելի շատ եկամուտներ ստանան, հետևաբար ավելի շատ հարկեր վճարեն, կհամարենք, որ ունենք ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծենք», – ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը` նշելով, որ եթե այս քննարկման արդյունքում կապացուցվի, որ մտահոգությունները հիմնավորված են և այդ առումով խնդիրներ ունենք, «մենք իհարկե կարձագանքենք այդ մտահոգություններին, եթե չի հիմնավորվի, ուրեմն դուք կարձագանքեք այդ մտահոգություններին»։

Երկխոսության շարունակություն 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային վարչարարությանը և կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր, որոնց հետ կապված մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հնարավոր խնդիրները: Վերջիններիս առնչությամբ պարզաբանումներ են ներկայացվել Պետական եկամուտների կոմիտեի և պատկան այլ մարմինների ղեկավարների կողմից, տրվել համապատասխան հիմնավորումներ: Երկուստեք կարևորվել է հարկային բարենպաստ պայմանների և միջավայրի ապահովման անհրաժեշտությունը:

 - рис.3

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնավոր հատվածի և կառավարության միջև քննարկումները շարունակել՝ ֆիքսելով կոնկրետ ժամանակահատված:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև ձեռք է բերվել պայամանավորվածություն շարունակել այս քննարկումները և մեկ շաբաթ անց նորից հանդիպել:–0–