Հայ ժողովուրդը մայիսի 9-ին կրկնեց իր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի կյանքի և մահվան հարցն էր, և «մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը», նշել է ՀՀ նախագահը հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ հրապարակված շնորհավորական ուղերձում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ», – նշվում է նախագահի ուղերձում։
Նրա խոսքով`բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար:
«Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են», – նշել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է:
Հայաստանում և Արցախում եռատոն է>>
«Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար` վաստակելով խաղաղություն: Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես և քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը», – ընդգծել է նախագահն ու ավելացրել, որ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ:
«Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն և արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը: Այդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը: Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի և ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և իրավունքները», – նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում։
ՀՀ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին այս մեծ տոնի առթիվ` մաղթելով խաղաղ երկինք և բարեբեր աշխատանք:–0–