ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Այօրվա դրությամբ աշխարհում գրանցվել է այս հիվանդության միայն չորս դեպք, հաղորդել են չորեքշաբթի ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը, Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին երբ կենտրոն բերեցին, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, և ամեն օր կենտրոն էին դիմում 10-20 հիվանդ։
«Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում, կոպերի այտուցվածություն, կարմրածություն, ակնաճեղքից լորձաթարախային արտադրություն: Մասնագետի առաջին կասկածն ադենովիրուսային կոնյուկտիվիտն էր: Կոնյուկտիվիտի այդ տեսակի դեպքում մեմբրաններ՝ թիթեղիկներ են առաջանում: Սովորաբար, առավել արագ ապաքինման համար հեռացնում ենք թիթեղիկները», - ասել է Հովակիմյանը:
Սակայն, ինչպես նշում է բժշկուհին, երեխայի մոտ մի քանի շաբաթ անց այդ մեմբրանները կրկին հայտնվեցին:
«Մասնագետներիս տեսականորեն հայտնի է, որ քրոնիկական մեմբրանով գոյություն ունի նաև փայտանման կոնյուկտիվիտ: 5-ամյա տղայի ախտորոշումը ճշտելու նպատակով բժշկուհու ուղեգրով նրա արյունը հետազոտվում է նախ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», այնուհետև՝ Մոսկվայում: Արյան մեջ պլազմինոգենի խիստ պակասը հաստատել է կասկածվող ախտորոշումը՝ աչքի փայտանման կոնյուկտիվիտ»,- ասել է ակնաբույժը։
Ինչպես պատմել է Հակոբիկի պապը՝ Հակոբ Ավդալյանը, նա առաջին անգամ նկատել է, որ երեխայի աչքերն անառողջ տեսք ունեն, երբ դեռ 6 ամսականում փոքրիկը հարբուխ է տարել: Տեղի բժշկուհին անհանգստանալու առիթ չի տեսել։ Որոշ ժամանակ անց, երբ տղայի աչքերի բորբոքվածությունն ավելի ակնառու է եղել, ընտանիքը դիմել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
«Երեխայի աչքերի մեջ մեծ ու կոշտ գոյացություններ էին հայտնվում: Մի անգամ այնքան մեծ էր, որ Հակոբիկը խաղալով պոկել էր՝ ասես փայտի կտոր էր հանել աչքից» - ասել է Ավդալյանի պապիկը:
Հակոբ Ավդալյանին երեք անգամ վիրահատել են Մոսկվայի «Մորոզով» բժշկական կենտրոնում, սակայն վերջնական արդյունքի չեն հասել: Երեխայի աչքերում շարունակել են փայտանման կոշտուկներ հայտնվել:
«Երբեք գործնականում չէի առնչվել նման հիվանդության հետ: Պարզվեց, Հակոբիկն աշխարհում չորրորդ մարդն է փայտանման կոնյուկտիվիտով։ Այս հիվանդությունը գենետիկական խնդրի՝ արյան մեջ պլազմինոգենի սակավության հետևանք է: Փայտանման կոնյուկտիվիտի միակ բուժումը պարբերաբար պլազմինոգենի ստացումն է»,- ասել է Հովակիմյանը:
Մոսկվայում խորհուրդ են տվել երեխային բուժման տանել Իտալիա և որոշ ժամանակ անց Հակոբին տեղափոխում են իտալական «Մայեր» բժշկական կենտրոն (Ֆլորենցիա):
«Ե՛վ Մոսկվայում, և՛ Իտալիայում բոլորը զարմանքով հարցնում էին, թե ո՞վ է այն մասնագետը, որ կարողացել է երեխայի մոտ ճշգրիտ ախտորոշել այդքան հազվադեպ հանդիպող հիվանդությունը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտո Կապուտոն ծանոթ է մեր ակնաբանական կենտրոնին և ճանաչում է բժիշկ Ալեքսանդր Մալայանին»,- ասել է Հակոբի պապիկը:
Նրա խոսքով, երեխան 7 ամիս շարունակ ստացիոնար բուժում է ստացել: Յոթամսյա բուժման վերջին տասնօրյակում Հակոբին վիրահատել են, սիսկ կոշտուկներն արդեն այնքան էին փոքրացել, որ դրանք լանցետով են հեռացրել: Օրական 8 անգամ երեխայի աչքերի մեջ դեղ էին կաթեցնում:
Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, Հակոբի բուժումը մինչ օրս էլ շարունակվում է։ Նա կանոնավոր կերպով հետազոտվում է և 2 ամիսը մեկ անգամ Իտալիայից հատուկ դեղորայք է ստանում: -0-