Հանգստյան օրերի` օգոստոսի 27–28–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
29 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` օգոստոսի 27–28–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Ռիո դե Ժանեյրոյից ժամանել է Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական հավաքականը, որոնց թվում էին նաև ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը (ըմբշամարտ), Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ)։ Պաշտոնատար անձանցից մեդալակիրներին եկել էին դիմավորելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:
Հայաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել ԱՄՆ–ի պահանջով։ ԱՄՆ արտահանձման հարցով դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի։ ԱՄՆ–ի իշխանությունները կասկածում են, որ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը համացանցի միջոցով զբաղվել է զենքի առուվաճառքով։
Վորոնեժի միջազգային օդանավակայանը վերսկսում է ուղիղ ավիահաղորդակցությունը Երևանի հետ նոր գործընկերոջ` Armenia Aircompany ավիաընկերության հետ ։
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել և գրառում կատարել` կապված ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Հալլ Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի հետ: «Երբեք մի՛ հանձնվիր: Թիմային ոգի և մեծ հաղթանակ... Շնորհակալություն, երկրպագուներ, դուք հրաշալի էիք», - գրել է Մխիթարյանը: «Ռեալ Սոլթ Լեյքը» 29-ամյա հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ հաղթանակ է տարել «Կոլորադո Ռեփիդսի» հետ տնային խաղում MLS ամերիկյան հերթական փուլում:-0-
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին