Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

19.11.2018, 13:54
Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը:
Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո, նշվում է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը», - նշվում է հաղորդագրությունում:

Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի. Փարիզ՝   686 162 եվրո, Մարսել՝   207 149 եվրո, Լիոն՝ 177 988 եվրո, Թուլուզ՝   66 447 եվրո, Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո, Գերմանիա՝ 73 845 եվրո, Շվեյցարիա՝ 19 717 եվրո, Հունաստան՝ 11 150 եվրո:-0-