Հայաստանում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը․ ԱՆ

16.01.2025, 10:56
ԱՆ–ից զգուշացնում է․ շարունակվում է սեզոնային գրիպի շրջանառություն
Հայաստանում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում: 

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: 

Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են. 

  • հղիները,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
  • 65 տարեկանից բարձր անձինք,
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • բուժաշխատողները,
  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։