ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ։
Նոր Mercure-ը կբացվի 2022 թվականի վերջում, Ծաղկաձոր քաղաքում գտնվող Golden Palace Hotel Resort and Spa հյուրանոցի վերակառուցման արդյունքում, որը տեղակայված է լեռնադահուկային և կլիմայական հանգստավայր Ծաղկաձորի սրտում: Accor–ի և Project Inter-Invest–ի միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց ուրբաթ Երևանում։ Հենց դրա շրջանակում էլ Հայաստանում կբացվի առաջին հյուրանոցը Mercure բրենդի ներքո:
Լյուքս դասի վերաբրենդավորում
«Մենք ուրախ ենք հաստատել մեր ներկայությունը Հայաստանում և ներկայացնել այստեղ մեր ամենահայտնի ապրանքանիշերից մեկը՝ Mercure-ը: Ծաղկաձորը հիանալի հանգստավայր է բոլոր եղանակների համար, որը հարուստ բնությամբ և լեռնադահուկային վազքուղիների որակով հաջողությամբ կարող է մրցակցել միջազգային մակարդակով», – հայտարարեց Accor New East Europe-ի գլխավոր տնօրեն Ալեքսիս Դելարոֆֆը համաձայնագրի ստորագրման արարողությունից առաջ։
Նա վստահություն հայտնեց, որ ճանապարհորդների կողմից ճանաչելի և սիրված հյուրանոցային բրենդի հայտնվելը կնպաստի հանգստավայրի զարգացմանը և ճանաչելիության աճին ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների շրջանում։
«Մենք Հայաստանում տեսնում ենք զարգացման հսկայական ներուժ և ձգտում ենք գրավել առաջատար դիրք այս զարգացող շուկայում: Հուսով ենք, որ այս տարածաշրջանում առաջիկա տարիներին կկարողանանք զբոսաշրջիկների ընտրությանը ներկայացնել Accor-ի նոր նախագծերը», – ասաց Դելարոֆֆը։
Mercure–ի մասին
Mercure չորսաստղանի հյուրանոցը հյուրերին կներկայացնի սպասարկման միջազգային ստանդարտների բոլոր առավելությունները և հասանելիություն հավատարմության եզակի ծրագրին` ALL - Accor Live Limitless:
«Մենք ուրախ ենք սկսել համագործակցություն միջազգային հյուրանոցային գործընկերոջ հետ և հայտարարել Golden Palace հյուրանոցի վերակառուցման մասին, որն ավարտվելուց հետո կբացվի Mercure բրենդի ներքո։ Մենք հուսով ենք շարունակել մեր համագործակցությունը Accor group ընկերության հետ և մոտ ապագայում նախատեսում ենք նույն տարածաշրջանում կառուցել նոր օբյեկտ՝ ապարտ-հյուրանոցի ձևաչափով», – հայտարարեց Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերության տուրիզմի բաժնի ղեկավար Մահմուդ Սաադը։
Նա գոհունակություն հայտնեց, որ կարող են նոր նախագծերի շնորհիվ իրենց ներդրումն ունենալ զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի զարգացմանը այս տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքներում։
Շնորհանդեսի ընթացքում նշվեց, որ Mercure բրենդի յուրաքանչյուր հյուրանոց եզակի է, սակայն նրանք բոլորն էլ կիսում են ձգտումը դեպի բարձրորակ սպասարկում և մշակութային բացահայտումներ: Հյուրերը կարող են ընտրել 120 նրբաճաշակ համարներից որևիցե մեկը, որոնք հարդարված են Mercure բրենդի յուրօրինակ ոճով՝ հաշվի առնելով տեղական կոլորիտը: Յոթհարկանի շինության ներսում կլինեն նաև ռեստորան, բար, մի քանի բուտիկներ, մարզասրահ` իր հոյակապ լողավազանով։
Բացի այդ, հյուրանոցում կգործի միջազգային խաղատուն և գերժամանակակից սպա կենտրոն` իր ամբողջական ծառայություններով: Հյուրերին կառաջարկվի սենյակների շուրջօրյա սպասարկում, բիզնես կենտրոնի ծառայություններ և անվճար ավտոկայանատեղի։
Նոր Mercure-ը շատ հարմար դիրք է զբաղեցնում բարձունքի վրա, որը դահուկորդներին թույլ է տալիս հեշտությամբ հասնել Թեղենիս լեռան լեռնադահուկային լանջերին և վազքուղիներին։ Իսկ Ծաղկաձորի ճոպանուղի հյուրերը կարող են հասնել ընդամենը 8 րոպեյում։
Մասշտաբային նախագծեր Հայաստանի տուրիզմի ոլորտում
Project Inter-Invest–ի հիմնադիր–տնօրեն Նարեկ Նալբանդյանը հայտարարեց, որ ընկերությունը, ունենալով բազմամյա գործունեության հաջողված փորձ, ուզում է իր ուժերը, կապերն ու ֆինանսական հնարավորությունները ներդնել Հայաստանի հյուրանոցային ոլորտի և տուրիզմի զարգացման մեջ։
«Մեր ընկերությունը, Accor համաշխարհային ֆրանսիական խմբի հետ համատեղ, պատրաստվում է Սևանում և Ծաղկաձորում կառուցել գերժամանակակից հյուրանոցային համալիրներ, ժամանցի սրահներ։ Մենք պատրաստվում ենք ներդնել ավելի քան 300 մլն եվրո, կստեղծվեն 1000–ից ավել նոր աշխատատեղեր` 200 հազար դրամ միջին աշխատավարձով, նոր զարկ կտրվի մեր տնտեության զարգացմանը», – ասաց Նալբանդյանը։
Նրա խոսքով, այս ամենի շնորհիվ Հայաստանը կդառնա ավելի ճանաչելի աշխարհում։
«Mercure–ում շինարարական աշխատանքները կսկսվեն յոթ աշխատանքային օրից։ Պատրաստվում ենք նախկին «Golden Palace» վերաբացել այս տարվա վերջ։ Նույն տարածքում նախատեսվում է կառուցել ևս մեկ հյուրանոց», – ասաց Նալբանդյանը։
Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե ընկերությունը չի՞ պատրաստվում ներդրում կատարել Հայաստանի առավելի պակաս զարգացած համայնքներում` Project Inter-Invest–ի հիմնադիր– տնօրենը հայտարարեց, որ նման պլաններ կան, պարզապես Ծաղկաձորի և Սևանի նախագծերը հարմար են միջազգային գործընկերներին ցույց տալու համար։
«Հետո ուշադրությունը կտեղափոխվի դեպի Աղվերան, Ստեփանավան, Դիլիջան, Ջերմուկ։ Մենք մեր երկիրը սիրում ենք, համոզված ենք, որ ամբողջ երկիրն է զարգացած, բայց դա պետք է ապացուցենք մեր միջազգային գործընկերներին։ Այդ պատճառով սկսել ենք այն կետից, որտեղից նրանք համաձայնություն են տվել մեզ հետ սկսել», – ասաց Նալբանդյանը։
Շնորհանդեսի ընթացքում նշվեց, որ Սևանում, 23 հեկտար տարածքում, նախատեսվում է կառուցել տարբեր գնային սեգմենտի 4 հյուրանոց։ Այնտեղ կլինեն խաղատուն, քոթեջներ, ակվապարկ, մասնավոր վիլաներ, փոքր նավահանգիստ։
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանն իր հերթին ողջունեց նոր նախագծի մեկնարկն ու հույս հայտնեց, որ այն հաջող կիրագործվի, մասնավորապես, Հայաստանի մարզերում։
Project Inter-Invest ընկերության մասին
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին Հայաստանում: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն մի շարք ժամանակակից արտադրական ձեռնարկությունների և գրասենյակների սեփականատեր է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում և մարզերում: Իր երկար տարիների գործունեության ընթացքում ընկերությունը համարվել է կայուն և վստահելի գործընկեր բոլոր հայաստանյան և արտասահմանյան համագործակցող կազմակերպությունների համար։
2022թ.–ի փետրվարին ՀՀ կառավարությունը Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցային համալիրը 5մլրդ դրամով վաճառեց Project Inter-Invest ընկերությանը։ Golden Palace–ը կառուցվել է 2013թ.–ին, բայց չի գործել վերջին մի քանի տարում։
Accor խմբի մասին
Accor-ը աշխարհի առաջատար հյուրանոցների
խումբ է 110 երկրներում` 5300 հյուրանոցներով, 10000 ռեստորաններով ու բարերով: Խումբը
հյուրընկալության ոլորտում ունի ամենաբազմազան
և ամբողջությամբ ինտեգրված էկոհամակարգեր, որոնք ներառում են ավելի քան 40 լյուքս, պրեմիում, միջին
և էկոնոմ դասի հյուրանոցային բրենդեր, զվարճանքի
և գիշերային ակումբներ, ռեստորաններ և բարեր, branded private residences,
co-living and co-working spaces, concierge services և այլն։ Accor-ը Ennismore-ի
շնորհիվ զբաղվեցնում է առաջատար դիրքը Լifestyle հյուրընկալության
սեգմենտում, որն ամենազարգացող ոլորտներից է։ Ennismore–ը համատեղ ընկերություն է, Accor-ին է պատկանում բաժնետոմսերի վերահսկիչ
փաթեթը:–0–