Կասպերսկուն շնորհվել է Հայաստանի նախագահի Global IT Award մրցանակը

18.11.2015, 12:35
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն շնորհվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Global IT Award մ,րցանակը:
Կասպերսկուն շնորհվել է  Հայաստանի նախագահի Global IT Award մրցանակը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն շնորհվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Global IT Award մրցանակը:

Ինչպես հաղորդում են նախագահի լրատվական ծառայությունից, նախագահի նստավայրում նախօրեին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%: Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իրականացվող նախաձեռնություններին:

Նա հանգամանորեն ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար Հանրապետության նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց և այս տարվա մրցանակակրին՝ Եվգենի Կասպերսկուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է: Շատ շնորհակալ եմ պարոն նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը՝ ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը: Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ: Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, և մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգևը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն»,-ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

Եվգենի Կասպերսկին ռուս ծրագրավորող է, տեղեկատվական անվտանգության մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի առաջատար մշակող և խոշորագույն բաժնետեր։ 2007 թվականից ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռուսաստանի պետական մրցանակի 2008 թվականի դափնեկիր գիտության և տեխնելեգիաների բնագավառում։ Մամուլում բնութագրվում է որպես «համակարգչային հանցավորության սպառնալիք»։

Հայաստանի նախագահի մրցականը ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար սահմանվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թվականի հուլիսի 6–ին այդ բնագավառի զարգացումը խրախուսելու նպատակով։

Մրցանակի առաջին դափնեկիրը 2010 թվականին Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթն էր (Creig Barret), երկրորդը`  «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011), երրորդը`«Synaptics» ընկերության նախագահ, «Intel 4004» առաջին միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը։ Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիրը 2013 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար դարձավ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ծուգիո Մակիմոտոն, իսկ 2014 թվականին` Cisco Systems–ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան։-0-