Երեխան անցանկալի պտուղ է եղել. նորածնին աղբանոցը նետած մայրը խոսել է դեպքի մասին

28.02.2018, 16:20
Այս սարսափելի դեպքի մասին խոսել է նաև հենց մայրը` 37–ամյա Պայծառը։
Երեխան անցանկալի պտուղ է եղել. նորածնին աղբանոցը նետած մայրը խոսել է դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ Հայաստանը ցնցվեց ահասարսուռ դեպքից` Մեծամորի աղբանոցում հայտնաբերվեց արական սեռի նորածնի դի։

Արդեն հաջորդ օրը իրավապահները հայտնեցին, որ պարզվել է նորածնին աղբանոցը նետած մոր ինքնությունը, ինչպես նաև միջադեպի մանրամասները։

Այս սարսափելի դեպքի մասին խոսել է նաև հենց մայրը` 37–ամյա Պայծառը։

Նա նշել է, որ երեխան անցանկալի պտուղ է եղել ոչ միայն իր, այլ նաև ամուսնու համար, հաղորդում է armtimes.com–ը։

37-ամյա մոր՝ Պայծառի պատմելով, երեխան մահացած է ծնվել, իսկ երեխային աղբանոցն է նետել, քանի որ վախեցել է ամուսնուց։

«Ամուսնուցս վախենալով՝ տարել, աղբամանն եմ գցել»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է մայրը։

«Էդ հղիությունը պատահական էր եղել, ոչ ես էի ուզում, ոչ էլ ամուսինս», – նշել է կինը։

Աղբյուրի հաղորդմամբ, 37-ամյա կինը ծննդաբերել է տան լոգարանում՝ միայնակ:

Ասում է, երբեք տանը չէր ծննդաբերել, այս անգամ՝ ստացվեց:

Նրա պատմելով՝ ուրիշ լուծում չի գտել, քան նորածնին աղբամանը գցելը։

«Ամուսինս չգիտեր, որ ես հղի էի, ես որ չաղ էի, շորեր էի հագնում, փորս չէր երևում»,- պատմել է կինը` բացատրելով, թե ինչպես է կարողացել 9 ամիս շարունակ հղիությունը աննկատ պահել ամուսնուց:  

7 երեխա լույս աշխարհ բերած մոր երեխաներից երկուսը մահացել են տարիներ առաջ՝ իրար հետևից, այս փոքրիկը, փաստորեն, ևս մահացավ, մյուս երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու գտնվում են հատուկ հաստատություններում:

Պայծառի մոտ միայն 1.8 տարեկան տղան է:

ՀՀ ՔԿ–ի հաղորդմամբ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։–0–