ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար, հաղորդում է պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել, իսկ անհրաժեշտ վիրահատությունը չի կազմակերպվում: Բողոքի քննարկման շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Ստացված պատասխանի համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալին տրամադրվել է անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություն, իսկ վիրահատության կարիք այդ ժամանակ չի ունեցել:
Արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից:
Որոշ ժամանակ անց նրա խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է։ Պաշտպանի միջամտությունից հետո Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն անհրաժեշտ հետազոտություններն անվճար կազմակերպելու համար: Արդյունքում, դատապարտյալը հետազոտվել է և վիրահատվել։–0–