Չորեքշաբթի` հունիսի 8–ի առավել ուշագրավ նորությունները
09.06.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կդիմի իր երկրի խորհրդարան` առաջարկելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին և ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը։ Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում:
- «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից։ ՀԿԵ–ից նաև հայտնեցին, որ նախորդ տարվա համեմատ` տոմսերն էժանացել են մոտ 20%-ով։
- ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Դավիթ Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին։ Միաժամանակ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։
- Նախորդ գիշեր երկու ժամկետային զինծառայողներ են մահացել բնական աղետի հետևանքով։
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է ՀՀ մարզերում կարկտի հասցրած վնասի տվյալները։ Վերջին օրերին Հայաստանում տեղացած կարկտից տուժել է Արմավիրի մարզի չորս համայնք, Կոտայքի մարզի յոթ համայնք, Լոռու մարզի երեք համայնք և Տավուշի մարզի չորս համայնք։–0–