Բժիշկը` նորածնի մահվան մասին. վիրահատել ենք, եթե ստացվեր՝ կապրեր

30.10.2016, 17:00
Հոկտեմբերի 11–ին ծնված երեխան մահացել է 17 օր անց։
Բժիշկը`  նորածնի մահվան մասին. վիրահատել ենք, եթե ստացվեր՝ կապրեր

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 11–ին ծնված երեխան մահացել է 17 օր անց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արական սեռի երեխան ծնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 11-ին և նույն օրը տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, քանի որ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, սակայն դժբախտաբար հոկտեմբերի 28–ին։ փոքրիկը մահացել է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով, երեխան ծնվել է բնածին երկու ծանր՝ կյանքի հետ անհամատեղելի արատներով, հաղորդում է yerkir.am-ը։

«Երեխան եղել է անհաս՝ 1 կգ 600 գրամ, ծնվել է ծանր շնչառական անբավարարությունով ՝ պայմանավորված թոքերի թերզարգացմամբ, կերակրափողի մի ծայրը փակ է եղել, ստամոքս գնացող հատվածը միացված է եղել շնչափողին: Վիրահատել ենք, եթե ստացվեր՝ կապրեր, բայց նման բարդություններով ծնված երեխան չի կարողացել պայքարել, մահացել է»,- ասել է նա ու ավելացրել, որ եթե անգամ երեխային չվիրահատեին, միևնույն է՝ մահանալու էր:

Դալլաքյանը նաև հայտնել է, որ ծնողները երեխային վիրահատելու գրավոր համաձայնություն են տվել՝ ստորագրել, և որ առաջին իսկ պահից տեղյակ էին, որ փրկվելու շանսն աննշան էր:

«Պարզ է, ամեն ծնող դժգոհ է, բայց մեր բժիշկներն օր ու գիշեր աշխատել են , 17 օր պայքարել փոքրիկի կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի ստացվել»,- նշել է նա:

Մանկական վիրաբույժի խոսքով՝ իրենց հիվանդանոցում տարեկան մոտ 10.000 հիվանդ երեխա է ընդունվում, որոնցից 70-100–ը մահանում է: Ընդ որում՝ մահվան դեպքերի մեծ մասը պայմանավորված է բնածին արատներով:–0–