Ավարտվեց Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

09.12.2018, 20:00
Ավարտվեց Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
Ավարտվեց Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղական ժամանակով ուղիղ 20։00–ին փակվեցին բոլոր 2010 ընտրատեղամասերը։ Ավարտվեց Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Դեկտեմբերի 9–ին անցկացվեցին 7–րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ձևավորվել է 13 ընտրատարածք, որոնցից 4–ը` Երևանում, 9–ը` մարզերում։

ԿԸՀ–ի տվյալներով, ռեգիստրում ներառված ընտրողների թիվն է 2 592 486։

Ժամը 17։00-ի դրությամբ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1 025 002  քաղաքացի կամ ընտրողների 39,54%–ը։

Ընտրություններին գրանցված է շուրջ 70 տեղական և 32 արտասահմանյան լրատվամիջոց։

Ընտրություններին հետևում է ավելի քան 17 հազար տեղական դիտորդ` 22 հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև 8 հասարակական կազմակերպություններ ներկայացնող օտարերկրյա դիտորդներ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պայմանավորված է «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլին։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում երկրորդ փորձից հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։ 

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու սկանդալային օրենքի ընդունումից հետո Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական տվեց` խորհրդարանն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նոյեմբերի 1–ին պատգամավորները արտահերթ նիստում երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և Սահմանադրության համաձայն` խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թ.–ի դեկտեմբերի 9–ին նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։

Համապետական կուսակցական ցուցակներից բացի, հանրապետության 13 ընտրատեղամասում կներկայացվեն խորհրդարան առաջադրվող կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների տարածքային (ռեյտինգային) ցուցակներ։ Կուսակցություններն ու դաշինքները պատգամավորական մանդատները ստանում են համապետական և ռեյտինգային ցուցակներում ներառված թեկնածուների միջև տեղերի բաշխման արդյունքում։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։ 

Ըստ 2015 թ.–ի դեկտեմբերի 6–ի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրության, խորհրդարանի անդամների հստակ ֆիքսված թիվ չի նշվում, նշվում է միայն նրանց նվազագույն թիվը` 101 պատգամավոր։ Գործում է մանդատների բաշխման բարդ համակարգ և սահմանադրական պահանջներ, որոնք երաշխավորում են խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորում` տեղերի 54% օրենսդիր մարմնում։ 

Սահմանադրությամբ նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում։ 

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա քվեարկությունից հետո 28–րդ օրը կարող է անցկացվել երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները և դաշինքները։ Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն։–0–