ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, աշունը 1 ամիս ուշացումով որոշեց գալ Հայաստան:
«Սեպտեմբերի 27-29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, և բոլոր մարզերում կտեղան անձրևներ», – նշում է օդերևութաբանը։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, սեպտեմբերի 24-28-ը կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում երեկոյան ժամերին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում:
Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան:
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում երեկոյան ժամերին նույնպես հնարավոր են ամպրոպներ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կիրակի կկազմի 30-32 աստիճան տաքություն, իսկ հետագա չորս օրերին սնդիկի սյունը կիջնի մինչև 27-29 աստիճան: -0-