Արսինե Խանջյանը կոչ է արել շարունակել Հայաստանում հայտարարված հեղափոխությունը

19.04.2018, 21:41
անադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դիմել է Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցներին:
Արսինե Խանջյանը կոչ է արել շարունակել Հայաստանում հայտարարված հեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դիմել է Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցներին ու կոչ է արել բոլոր հնարավոր միջոցներով շարունակել հայտարարված հեղափոխությունը:

«Ուրախ եմ, որ դուք համախմբվել եք ձեր իրավունքների պաշտպանության և անարդարության դեմ պայքարի համար: Ձեր արդար ձայնը պետք է լսելի լինի բոլոր կառավարական շենքերում ու փողոցներում: Ձեր կողմից սկսված հեղափոխությունը պետք է շարունակվի, անգամ եթե այն դանդաղ ընթանա: Սակայն պետք է ազատվել հնարավոր պարտության վախից ու չհուսահատվել», - ասել է նա՝ տեսազանգի միջոցով դիմելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին:

Խանջյանը կոչ է արել ցուցարարներին շարունակել գործել օրենքի սահմաններում ու չտրվել սադրանքներին:

Ըստ նրա, բողոքի ակցիաներին աջակցում են արտասահմանում ապրող մտավորականության ներկայացուցիչները:

Նա նաև կոչ է արել այլ ընդդիմադիր ուժերին միանալ այս շարժմանն ու միաին մշակել կոնկրետ գործողությունների ծրագիր: Դիմելով ոստիկանությանը` նա կոչ է արել անցնել ցուցարարների կողմը:-0-