ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ակտիվիստները քիչ առաջ քանդել են Երևանի 2800-ամյակի այգու պատնեշները, որն այս պահին վերակառուցման փուլում է։ Այգին գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտակայքում։
Նախօրեին սոցցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչ մեծ թվով ծառեր են հատվել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգում, որն այժմ վերածվել է շինհրապարակի։ Այդ լուսանկարներն առաջացրել էին օգտատերերի վրդովմունքը։
Քաղաքապետարանը պարզաբանում ներկայացրեց Երևանի կանաչապատ այգին շինհրապարակի վերածված լուսանկարի շուրջ սոցցանցերում առաջացած աղմուկը։ Գերատեսչությունից նշեցին, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ նրանք տեղեկացրել են, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն։
Ակտիվիստներն իրենց հերթին նշեցին, որ քանդում են պատնեշները, որպեսզի բոլոր բնակիչները տեսնեն այգու նկատմամբ իրականացրած «հանցագործությունը»։
Ինչպես նշեց դեպքի վայր եկած Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, վերակառուցվող այգու տարածքում հատվել են հիմնականում ուռենիներ, որոնց տարիքը գերազանցել է 50 տարին, ինչն անթույլատրելի է քաղաքային միջավայրում գտնվող նման ծառատեսակի համար։
Նա նշեց, որ բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին, միաժամանակ նախատեսվում է տնկել ավելի բարձրորակ ծառատեսակներ։
«Ընդհանուր առմամբ հատվել է մոտ 25 ծառ, այդ թվում` ուռենիներ և թեղիներ, որոնց փոխարեն տնկվելու են ակացիաներ և կատալպաներ, որոնք ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ, նրանց արմատներն ավելի ամուր են», – ասաց Մարտիրոսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ բոլոր ծառերը հատվել են փորձագիտական եզրակացությունների հիման վրա։
Ինչպես նշեց փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, նախագիծն ամբողջությամբ իրականացվում է բարերարների միջոցներով և չի փոխի իր նշանակությունը։
«Այգին կպահպանի իր նշանակությունը, այնտեղ կլինեն շատրվաններ, կտնկվեն նոր ծառեր, որոնց այգին չի կարող գոյություն ունենալ», – ասաց Օհանյանը։
Միաժամանակ նա հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարանի հարցը չի քննարկվում։
Նշենք, որ այս օրերին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ պարբերաբար ցույցեր են անցկացվում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
«Քաղաքաետարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով: Մենք շարունակում ենք մեր աշխատանքները, և ես վստահ եմ, որ Երևանի բնակիչները պետք է գոհ լինեն անցկացվող աշխատանքներից», - ասաց Օհանյանը:
Որոշ ժամանակ անց ցուցարարները ներխուժեցին Երևանի քաղաքապետարանի շենք` վանկարկելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը, նրանք փորձում էին մուտք գործել քաղաքապետի աշխատասենյակ:
Դեռ անցած տարվա դեկտեմբերին Երևանի ավագանին հավանություն էր տվել «Վարդանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի առաջարկությանն այգին բարեկարգելու վերաբերյալ: Այգին գտնվում է Մյասնիկյանի արձանի հետնամասում, Իտալիայի, Բեյրութի, Խորենացու ու Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջնամասում: Այգին պետք է նվեր դառնա Երևանի 2800–ամյակին։
Ըստ «Վարդանյանների ընտանիք» հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածությանշ, այգում արգելված կլինի ցանկացած կոմերցիոն գործունեություն: Բարեգործական հիմնադրամը պարտավորվել է ավարտել շինարարական և այգու բարեկարգման աշխատանքներն այս տարվա սեպտեմբերին:-0-