ԱԺ պատգամավորի ընկերոջ նկատմամբ բռնություն գործադրած անձը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին` դեկտեմբերի 10-ին, ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձինք ձերբակալվել են, հայտնել է ՀՀ Ոստիկանության Facebook-յան էջը:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է նաև միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրու բնակիչ է»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր Facebook-յան էջում հրապարակում էր կատարել, ըստ որի Գյումրիում երկու հոգի խփել էին իր ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել։
Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել , ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման էր ենթարկվել ու ձերբակալվել երեկ' դեկտեմբերի 9-ին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ -0-

