Դրոններ, օդապարիկներ, պարապլաններ․ Հայաստանում կանցկացվի Air Fest փառատոն
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 28-ին Եղվարդի օդանավակայանում կիրականացվի Օդային փառատոն` Air Fest:
Ինչպես հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից, ժամը 12:00-ից սկսած` երկնքում կհայտնվեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով:
Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ժամանցային ծրագրերի ու խաղարկությունների, թռիչքների՝ ուղղաթիռով, ինքնաթիռով և պարապլանով: Միջոցառման երաժշտական մասը նույնպես խոստումնալից է. համերգային ծրագրում ելույթ կունենա Ափօ Սահակյանը և «Կաթիլ» բենդը: Փառատոնը նաև գիտելիքի փոխանակման հարթակ է:
Air Fest-ի շրջանակում կհյուրընկալվեն ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն ու կներկայացնեն ավիացիայի ներկայիս թրենդները: Կանցկացվի նաև պանելային քննարկում՝ «Հայաստանի ընդհանուր ավիացիայի ապագան. հնարավորություններն ու տեխնոլոգիաները, ազդեցությունը տնտեսության և զբոսաշրջության վրա» թեմայով:
Air Fest V-ն նվիրված է Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը, նրա ներուժին՝ խթանելով Հայաստանում և՛ զբոսաշրջությանը, և՛ նորարարությանը: Փառատոնը նպատակն է զարգացնել հանրության հետաքրքրությունը ավիացիայի նկատմամբ, հասարակության մոտեցնել ավիացիային, զարգացնել այս ոլորտում աճի նոր հնարավորություններ: Air Fest–ն անցկացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

