ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները Մոսկվա–Երևան չվերթի ուղևորի հետանցքում թմրանյութեր են հայտնաբերել, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորաոպես, փետրվարի 14–ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ստացված տեղեկություններն իրացնելիս, Մոսկվա–Երևան չվերթի ուղևոր, 1964 թ.–ին ծնված Վարդան Գալաջյանին թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով մաքսային գոտում ենթարկեցին անձնական խուզարկության։
«Նրա մոտից ոչինչ չհայտնաբերվեց, սակայն փորձառու քրեական հետախույզները ծանոթ էին թմրամիջոցների փոխադրման այլ եղանակներին ևս», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պրոկտոլոգիական միջամտությամբ Գալաջյանի մոտից` ավելի ճիշտ միջից հայտնաբերվեց փաթեթավորված փոշենման զանգված։
Գալաջյանի խոսքով` փաթեթավորվածը «Մետադոն» տեսակի թմրամիջոց է, ինչը հաստատվեց նաև փորձաքննության եզրակացությամբ։
Գալաջյանը թմրամիջոցը ձեռք էր բերել Մոսկվայում, փաթեթավորել և թաքցրել աննկատ Հայաստան տեղափոխելու համար։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ մաքսանենգության և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի շրջանառելու հատկանիշներով։
Քննությունը շարունակվում է ։–0–