Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթնաժողովը

07.10.2018, 09:00
Կիրակի Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) XVII գագաթնաժողովը։
Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կիրակի Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) XVII գագաթնաժողովը։ 

Ֆրանկոֆոնիայի մասին 

«Ֆրանկոֆոնիա» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 1880 թ.–ն, երբ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ռեքսն օգտագործել է այն` ֆրանսերենով խոսող բոլոր մարդկանց և երկրներին սահմանելու համար։ 

Հիմա ՖՄԿ–ն միավորում է 84 պետություն` աշխարհի հինգ մայրցամաքներում։ ՖՄԿ–ի հիմնական խնդիրներից է սոցիալական զարգացման և մարդու իրավունքների դեմոկրատական սկզբունքների պաշտպանությունը։ ՖՄԿ–ի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1986 թ.–ին Փարիզում։

Հայաստանն ու ՖՄԿ–ն 

Հայաստանը ՖՄԿ–ում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել 2003 թ.–ին Բուրկինա Ֆասոյում, իսկ 2008 թ.–ին Քվեբեկում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը դարձել է ՖՄԿ–ի ասոցացված անդամ։ 

2012 թ.–ին Կինշասայում կայացած ֆրանսալեզու երկրների գագաթնաժողովում Հայաստանը ստացավ կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակը` դառնալով ՖՄԿ մուտք գործած 54–րդ երկիրը։ 

ՖՄԿ–ի գագաթնաժողովի մասին 

ՖՄԿ–ի 17–րդ գագաթնաժողովի տարբերանշան է ընտրվել նուռը` հյուրընկալ երկրի` Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Այս ընտրությունը խորհրդանշում է ֆրանկոֆոնիայի ողջ տարածքի խաղաղությունն ու բարգավաճումը։ Գագաթնաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանման համար գրանցվել է 488 լրագրող, այդ թվում` 143 տեղական։ 

Առանցքային միջոցառումներ 

Միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 7–ին։ Այդ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105–րդ նստաշրջանը։

Միջոցառմանը, որը կկազմակերպվի փակ ձևաչափում, մասնավորապես, ելույթ կունենա ՖՄԿ–ի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։ Հոկտեմբերի 8–9–ը ՄՀՀ–ում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի 35–րդ նախարարական համաժողովը։ Հոկտեմբերի 11–ին և 12–ին ՄՀՀ–ում կանցկացվի առանցքային միջոցառումը` ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Բացման պաշտոնական արարողությունը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության եթերով հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ 

Ֆրանկոֆոնիայի օրերի կուլմինացիան կդառնա հոկտեմբերի 11–ին Հանրապետության Հրապարակում նախատեսված գալա–համերգը, որին մասնակցելու են աշխարհահռչակ երգչուհիներ ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն, ինչպես նաև DJ Folamour–ը։

Գալա–համերգի եզրափակիչ մասը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, որը մահացել է հոկտեմբերի 1–ի գիշերը Ֆրանսիայում։–0–