Երևանում կհայտնվեն Սերգեյ Փարաջանովի, Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անուններով փողոցներ

30.11.2017, 10:25
Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում անդամները հավանություն են տվել մի շարք փողոցների անվանակոչման մասին որոշման նախագծին։
Երևանում կհայտնվեն Սերգեյ Փարաջանովի, Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անուններով փողոցներ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում անդամները հավանություն են տվել մի շարք փողոցների անվանակոչման մասին որոշման նախագծին։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցը (Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը) կանվանակոչվի Հնդկաստանի փողոց։

Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել նաև Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:

Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյան փողոց է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:–0–