ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում փորձնական երթուղի դուրս եկած №26 նոր ավտոբուսը հայտնվել է ուշադրության կենտրոնում: Մեկնաբանություններ ստանալու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կապ է հաստատել «Bus voyage» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ, ում պատկանում է ավտոբուսը:
«Ավտոբուսը 2 շաբաթ կսպասարկի քաղաքապետարանի կողմից մեզ ժամանակավոր տրամադրված երթուղին: Դա արվում է ծախսերը գնահատելու նպատակով: Եթե մեր բոլոր ծախսերը փակվեն, մենք կդիմենք քաղաքապետարան, որպեսզի մեզ տրամադրեն առանձին տրանսպորտային երթուղի, որը, պահանջարկից կախված, կսպասարկեն 20-30, կարող է նաև 40 նմանատիպ ավտոբուսներով», - ասաց Մանուկյանը:
Ըստ նրա, գերմանական MAN Lion's City ընկերության արտադրության ավտոբուսն աշխատում է բացառապես դիզելային վառելիքով:
«Մենք պետք է պարզենք, թե որքանով արդարացված կլինի ավտոբուսի շահագործումը գործող սակագնի պայմաններում, որը կազմում է 100 դրամ: Եթե արդյունքները գոհացնող լինեն, մենք հայտ կներկայացնենք երթուղին սպասարկելու մրցույթին մասնակցելու համար», - ասաց նա:
Ըստ Մանուկյանի, ավտոբուսի երկարությունը, որը կազմում է 12 մետր, խոչընդոտ չի դառնա ապագայում այն շահագործելու համար, քանի որ այն նախատեսված է Երևանի նման քաղաքների համար։
«Երևանի շատ փողոցներ ավելի լայն են, քան որոշ եվրոպական քաղաքներում, և ավտոբուսի շահագործման հետ կապված խնդիրներ չեն լինի: Այլ իրավիճակ ունենք կանգառների պահով, որոնք բավականին ծանրաբերնված են մայրաքաղաքում: Խնդիրը կլուծվի, եթե կանգառներից 15 մետր հեռավորության վրա արգելվի տաքսիների կայանումը», - ասաց նա:
Մանուկյանը հույս հայտնեց նաև, որ երևանցիներին դուր կգան հարմարավետ նստարանները, վարորդի խցիկը, անվասայլակների բարձրացման հնարավորությունը, իսկ ներսում տեղադրված տեսախցիկները թույլ կտան ավելացնել անվտանգությունը:–0–